Արմինֆո.Խորհրդարանական ընդդիմությունը պատրաստակամություն է հայտնել աջակցելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նրա ասելով՝ նախօրեին հանդիպում է տեղի ունեցել "Տավուշը հանուն հայրենիքի" նախաձեռնող շարժման առաջնորդների հետ։ Քննարկման հիմնական նպատակն էր որոշել խորհրդարանական ընդդիմադիր ուժերի՝ "Պատիվ ունեմ" և "Հայաստան" խմբակցությունների պատրաստակամությունն այս պահին սպասարկել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի հետ կապված օրակարգը։ "Մենք շարժման առաջնորդներին տեղեկացրել ենք գործընթացում ներգրավվելու մեր պատրաստակամության մասին։ Այս փուլում քննարկումը, հիմնականում, սահմանափակվել է դրանով։ Դրանք որոշակի ընթացակարգային հարցեր են, որոնց մի մասը տեխնիկական բնույթ է կրում, մի մասը մեզանով պայմանավորված չէ։ Բայց մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել", - ասել է Տիգրան Աբրահամյանը։
Մայիսի 9-ին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել համաժողովրդական հանրահավաք։ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը հայտարարել է, որ գործող կառավարության ղեկավարը տապալել է երկրի կառավարումը բոլոր ուղղություններով, ինչի կապակցությամբ պահանջել է նրա հրաժարականը: Այն բանից հետո, երբ պահանջը մերժվել է կառավարող խմբակցության կողմից, Սրբազանը հայտարարել է, որ վարչապետ Փաշինյանն անտեսել է "իրեն ընտրածներին", ուստի, պետք է նրան անվստահության քվե տալ խորհրդարանում: Նա նաև կոչ է արել գործադուլներ սկսել և բոյկոտել դասերը։
Այսօր առավոտյան Տավուշի թեմի առաջնորդը կոչ է արել քաղաքացիներին ժամը 18:30-ին հավաքվել Հանրապետության հրապարակում ՝ համազգային հանրահավաքի: