Արմինֆո.Հայաստանում դեռ վաղ է խոսել ընտրություններն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին։ Այդ մասին մայիսի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ՝ ներկայացնելով կառույցի 2022-2023թթ. գործունեության հաշվետվությունը ։
ԿԸՀ նախագահի խոսքով, բոլոր այն երկրները, որոնք արդեն անցել են 100 տոկոսանոց էլեկտրոնային քվեարկության, հետագայում խնդիրների են բախվել: Քվեարկության այդ համակարգն, ըստ Հովակիմյանի, ունի մեկ շատ լուրջ թերություն, այն է ՝ հնարավոր չի լինի կրկնակի ստուգել ընտրություններին մասնակցած անձի իսկությունը, թղթային տարբերակը նման հնարավորություն է տալիս, քանի որ կասկածների առկայության դեպքում հնարավոր կլինի վերահաշվարկ կատարել:
ԿԸՀ նախագահը նշել է, որ 2022 թվականին տեղի են ունեցել միայն ՏԻՄ ընտրություններ։ Վեդի համայնքում մարտ ամսին տեղի են ունեցել արտահերթ ընտրություններ, որոնց արդյունքները չեն բողոքարկվել: ՏԻՄ ընտրություններ են տեղի ունեցել նաև 2022թ. սեպտեմբերի 25-ին: Համամասնական ընտրակարգով ընտրություններ են անցկացվել 17 համայնքներում: Ալագյազ համայնքում ընտրություններն անցել են մեծամասնական ընտրակարգով: 18 համայնքներում ընտրությունների արդյունքների բողոքարկում չի եղել։ "Չնայած մրցակցությանը, քաղաքական պայքարին, արդյունքների բողոքարկում չի եղել։ Դա նշանակում է, որ ընտրական համակարգն արդյունավետ է աշխատել", - նշել է նա:
Հովակիմյանը տեղեկացրեց, որ 2022թ. դեկտեմբերի 17-ին ավարտվել է ՀՀ-ում գործող 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների լիազորությունների ժամկետը և ձևավորվել են նոր հանձնաժողովներ: 266 ընտրատարածքների ընտրական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնին հավակնում էր 539 մարդ: Երևանի 10 տարածքային ընտրական հանձնաժողովների համար մշակվել և իրականացվել է ուսուցման հատուկ ծրագիր: Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին ՝ ԿԸՀ նախագահը վկայակոչել է միջազգային դիտորդների գնահատականները, որոնց համաձայն, ընտրություններն անցել են ժողովրդավարության բոլոր կանոնների պահպանմամբ: Այս ընտրությունների դեպքում ևս արդյունքների բողոքարկման վերաբերյալ որևէ դիմում չի ստացվել:
ԿԸՀ նախագահը մանրամասն ներկայացրել է տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների համար վերապատրաստման դասընթացների կազմակերպման կարևորությունը: Քաղաքական ուժերին առաջարկվել է Երևանի քաղխորհրդի ընտրությունների ժամանակ դասընթացներ կազմակերպել վստահված անձանց համար: Ընտրություններին մասնակցած 14 քաղաքական ուժերից առաջարկից օգտվել են 7-ը: ԿԸՀ նախագահը նշել է, որ 2023 թվականի սկզբից ընդլայնվել է հանձնաժողովի գործունեության թվային գործիքակազմը, ինչի արդյունքում բազմաթիվ փաստաթղթեր ներկայացվում են առցանց:
ԿԸՀ նախագահը տեղեկացրել է նաև, որ մշակվում է ԿԸՀ զարգացման ռազմավարության նախագիծը, որի առանցքային ուղղություններից է մարզերում գործող 28 տարածքային ընտրական հանձնաժողովների հիման վրա քաղաքացիական ուսուցման կենտրոնների ձևավորումը: