Արմինֆո.Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հայկական եկեղեցիներն օկուպացված Արցախում։ Այս մասին ահազանգում է ֆրանսիական հեղինակավոր Le Figaro ամսագրի փոխտնօրեն, լրագրող Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը X-ի (Twitter) իր միկրոբլոգում:
"Վտարելով 150 000 հայ բնակիչներին՝ ադրբեջանցիները հարձակվում են Արցախի/Լեռնային Ղարաբաղի հայկական ժառանգության վրա։ Օրեր շարունակ տարածվում են մտահոգիչ տեսանյութեր հատկապես Շուշիի շրջանում եկեղեցիների ավերման կամ վանդալիզմի մասին", - գրել է լրագրողը։
Նշենք, որ նախօրեին սոցիալական ցանցերում հայտնվել էր լուսանկար, որն ապացուցում է Ադրբեջանի կողմից Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ հայկական եկեղեցու (Կանաչ ժամ, որը կառուցվել է 1818 թվականին) ավերումը: Ըստ արբանյակային պատկերների՝ եկեղեցին ավերվել է 2024 թվականի փետրվարին։ Այս ամենը տեղի է ունենում, այսպես կոչված, միջազգային հանրության լուռ խրախուսման ֆոնին։