Արմինֆո.Փորձագետներն ու դիվանագետները սևծովյալ տարածաշրջանի անվտանգության և կայունության հարցերն են քննարկել Երևանում Բուլղարիայի դեսպանատանը կազմակերպված կլոր սեղանի ընթացքում որը նվիրված էր Անվտանգությունն ու կայունությունը սևծովյան տարածաշրջանում. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմային:
Միջոցառման կազմակերպիչներն էին Բուլղարիայի դեսպանատունն ու Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամը: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանում Բուլղարիայի դեսպանությունից, կլոր սեղանը նվիրված է եղել ԵՄ-ին Բուլղարիայի անդամակցության 10-ամյակին և զուգադիպել է ԵՄ-ում 2018 թվականի առաջին կիսամյակում Բուլղարիայի նախագահությանը:
Միջոցառման նպատակն էր սևծովյան տարածաշրջանում անվտանգության և կայունության բարդ խնդիրների քննարկման համար հարթակի ձևավորումը` հաշվի առնելով տարածաշրջանի պետությունների միջև հարաբերությունների փոխադարձ կախվածության բնույթն ու շահերը:
Բուլղարիայի, Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի փորձագետներն ու գիտական շրջանակների ներկայացուցիչները կլոր սեղանի երկու նիստերի ընթացքում իրենց կարծիքներն են հայտնել սևծովյան տարածաշրջանում անվտանգության և առկա մարտահրավերների վերաբերյալ: Միջոցառումը հնարավորություն է տվել լսել փորձագետների կարծիքները և հասկանալ հիմնական խնդիրները, որոնց բախվում է սևծովյան տարածաշրջանը: Միջոցառման մասնակիցները երկուստեք փաստել են, որ դժվար ժամանակներ են անվտանգության ապահովման համար, կարևոր է ջանքեր գործադրել` նպատակաուղղված բաց կապուղիների պահպանմանը, ռիսկերի կառավարմանն ու ապաէսկալացմանը:
Միջոցառումը նպատակաուղված էր ոչ միայն տարածաշրջանի ռազմավարական, ռազմական և տնտեսական շահերից ու գերակայություններից բխող հիմնական հարցերի ուրվագծմանը, այլև տարածաշրջանային համագործակցության վերածնման ու ակտիվացման կառուցողական մոտեցումների որոնմանը: Հանդիպման մասնակիցները նշել են, որ Հայաստանը ՍՏՀԿ-ում կնախագահի 2018 թվականին, այսպիսով, հնարավորություն ունենալով իր ավանդը ներդնել տարածաշրջանային կառուցողական նախագծերի ակտիվացման գործում:
Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, Հայաստանում Բուլղարիայի դեսպան Մարիա Պոպովան, Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը: Դեսպանները Հայաստանին շնորհավորել են Եվրամիության հետ համագործակցության պատմական համաձայնագրի ստորագրման կապակցույթյամբ: