Արմինֆո. Տաջիկստանը կողմ է հանդես գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցությունների միջոցով կարգավորմանը: Այս մասին հունիսի 14-ին Երևանում հայտարարել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման արդյունքում:
«Մտահոգություն է առաջացնում գործընթացների վատթարացումը, ինչը տեղի է ունենում առանձին երկրներում և տարածաշրջաններում: Ելնելով մեր խաղաղապահ փորձից, մենք մեր հստակ հավատարմությունն ենք արտահայտում հակամարտությունների խաղաղ ճանապարհով կարգավորմանը, ընդունված միջազգային նորմերի շրջանակներում: Բանակցությունները, մեր համոզմամբ, ամենակառուցողական ճանապարհն է նման բարդ պրոբլեմի կարգավորման համար, ինչպիսին Լեռնային Ղարաբաղն է»,- ասել է Ռահմոնը:
Տաջիկստանի նախագահը հայտարարել է, որ այցն ընթանում է Հայաստանի և Տաջիկստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարում: Ըստ նրա, այս տեսանկյունից այցը նպաստում է երկկողմ հարաբերությունների ամրապնդման քաղաքականության շարունակությանը:
«Հայ գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցեր, այդ թվում`համագործակցությունն առևտրա-տնտեսական և հումանիտար ոլորտներում: Սակայն, ուզում եմ նշել, որ մեր համագործակցությունը դեռ չի բավարարում առկա ներուժին», - ասել է Տաջիկստանի ղեկավարը: Նա կարևորել է հարաբերությունների զարգացումը երկու երկրների տնտեսվարող սուբյեկտների, մասնավոր հատվածի միջև, հայտարարելով, որ անհրաժեշտ է մեծացնել առևտրային շրջանառությունը, ինչպես նաև համատեղ տնտեսական նախագծերի իրականացումը: Ռահմոնը նշել է, որ Տաջիկստանը շահագրգռված է հայկական ընկերությունների մասնակցությանը Տաջիկստանի էներգետիկայի, զբոսաշրջության, հանքարդյունաբերության և վերամշակման ոլորտի ծրագրերին, վստահեցնելով, որ դրա համար կստեղծվեն բոլոր անհրաժեշտ պայմանները:
Միևնույն ժամանակ, նա կարևորել է հարաբերությունները գիտության և կրթության զարգացման ոլորտում: «Մեր ուշադրության կենտրոնում է կայունության և անվտանգության ամրապնդումը, համագործակցությունը բազմակողմ միավորումների շրջանակներում», - ասել է նախագահը, ավելացնելով, որ երկու կողմերը վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը համագործակցել ահաբեկչության և թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարի ոլորտներում:
Վերջում Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հրավիրել է այցելել Դուշանբե: