Որպես մարդ` ես չափազանց զգացմունքային եմ, սակայն որպես դերասան` միշտ ենթարկվում եմ ռեժիսորին, խոստովանել է հայտնի դերասանուհի Օռնելա Մուտին` հուլիսի 12-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում:
Մուտին դժվարացել է ասել, թե որ ֆիլմն է համարում գլխավորն իր կարիերայում: «Կան ֆիլմեր, որոնք մեծ ճանաչում են բերում արտասահմանում, իսկ կան այնպիսիք, որ բարձրացնում են ինքնագնահատականը` քննադատների լավ արձագանքների առումով: Իսկ քննադատների և հանդիսատեսի կարծիքները, միշտ չէ, որ համընկնում են», - նշել է նա:
Ուշագրավ է, որ Մուտիի կարծիքով, ամենահետաքրքիր դերասանը Ջարեդ Լետոն է:
Դերասանուհին պատմել է, որ այժմ աշխատում է մի քանի նախագծերում: Այսպես, Ռուսաստանում նախապատրաստվում է թատերական բեմադրություն, որի
Համար Մուտին մի քանի ամիս ռուսերեն է ուսումնասիրելու:
Դերասանուհին խոստովանել է, որ օբյեկտիվ է գնահատում իրեն և իր արտաքինի վերաբերյալ հաճոյախոսությունները: «Ես տեսնում եմ, թե ինչպես եմ ծերանում: Բոլորն ունեն իրենց վախերը և անվստահությունը», - ասել է նա:
Մուտիի երջանկության բաղադրատոմսը պարզ է. մարդ ծնվում է ուրախության համար, և սեփական անձի հետ ներդաշնակությունը թույլ կտա հասկանալ այն, ինչ ունես:
Սա Օռնելա Մուտիի առաջին այցն է Հայաստան: «Ինձ պատմել են, որ Հայաստանը կախարդական երկիր է, ընդ որում` ոչ իր գեղեցկությամբ, այլ իր հոգևորով», - ասել է նա:
Դերասանուհին նշել է, որ Իտալիա վերադառնալուն պես, անպայման, ծիրանի կորիզ կտնկի:
Հավելենք, որ Օռնելա Մուտին «Ոսկե ծիրան» ՄԿՓ հյուրն է: Նախօրեին նա արժանացել է «Փարաջանովյան թալեր» հատուկ մրցանակի: