Սահմանադրության բարեփոխման փոխարեն խորհրդարանում հարկավոր է քննարկել Հայաստանի նախագահին իմփիչմենթի հարցը: Սեպտեմբերի 15-ին ԱԺ նիստում այդ մասին հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Նրա ասելով, Սահմանադրության փոփոխությունների նպատակը ոչ այլ ինչ է, եթե` ոչ գործող իշխանության վերարտադրությունը: «Մենք պետք է քննարկենք ոչ թե այն, թե ինչպես ավելի երկարաձգել Սերժ Սարգսյանի իշխանությունը, այլ այն, թե ինչպես նրա նկատմամբ իմփիչմենթ հայտարարենք: Սահմանադրական փոփոխությունների գաղափարը բխում է նրանից, սակայն նա անգամ չի ներկայացել խորհդրարան` ներկա լինելու նիստին, այլ ուղարկել է իր փաստաբաններին, որոնք քաղաքական հարցեր ներկաայցնելու հնարավորություն չունեն», - ընդգծել է Փոստանջյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի մշակած նախագիծն ավելի վաղ արժանացել էր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հավանությանը: Նախագծին դեմ էին արտահայտվել Զարուհի Փոստանջյանը, Գագիկ Ջհանգիրյանը (ՀԱԿ), Տիգրան Ուրիխանյանը (ԲՀԿ խմբակցություն) և անկուսակցական Էդմոն Մարուքյանը: